ԱՄԱԼՅԱ ԱՐԱԶՅԱՆԸ բնիկ երևանցի էր, ազնվական տոհմից: Երևանցի էին և նրա ապուպապերը: Սակայն նա արժանացավ Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար Արազյաններին ռուսական ցարի կողմից ցմահ շնորհվել է ազնվականի կոչում:
Ամալյա Արազյանը եղել է Հայաստանի ազնվականների միության անդամ:
Ամալյա Արազյանին ջերմորեն են վերաբերվել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը: Նրա արվեստը բարձր են գնահատել երկրի ղեկավարները՝ Գրիգոր Հարությունյանը, Անտոն Քոչինյանը, Նագուշ Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանը, Լյուդվիգ Ղարիբջանյանը...
-Մի անգամ,- հիշում է Ամալյա Արազյանի որդին՝ Լավրենտի Դասոյանը,- մայրս երեկոյան ներկայացումից հետո վերադառնում է տուն և շենքի մոտ հանդիպում է Նագուշ Հարությունյանին: Զրույցի են բռնվում, Հարությունյանը մայրիկիս հարցնում է. «Ամալյա, ինչո՞ւ վերջերս չես երևում մեզ մոտ»:
«Դե, զբաղված մարդ ես, Գերագույն խորհրդի նախագահ, ակադեմիկոս...»,- ասում է Ամալյան:
Նագուշ Հարությունյանը ժպտալով պատասխանում է. «Ամալյա, ես իմ տեղում եմ ակադեմիկոս, դու՝ քո...»:
Ամալյա Արազյանը սովորել է Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցում, եղել աշակերտական հավաքույթների ակտիվ մասնակից, հրապուրվել թատրոնով:
Դպրոցում բեմադրում են «Անուշ» օպերան, որտեղ Անուշի պարտիան կատարում էր Ամալյան: Չնայած դրան, նա շատ էր սիրում երգել Սարոյի արիան՝ «Բարձր սարերը»: Վաղարշ Վաղարշյանի աջակցությամբ 10-րդ դասարանցի Ամալյան ընդունվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն որպես սիրողական դերասանուհի ու մասնակցում մասսայական տեսարաններում: Իսկ դպրոցն ավարտելուց հետո Ամալյան ընդունվում է թատրոնի առաջին ստուդիան, որի ղեկավարն էր Արմեն Գուլակյանը: Ստուդիայում դասավանդում էին նաև Լևոն Քալանթարը, Վավիկ Վարդանյանը, Սրբուհի Լիսիցյանը, Ստեփան Քափանակյանը, Սուրեն Քոչարյանը: ՈՒսանողներն անցնում էին նաև ֆիզիոլոգիա և անատոմիա, որի դասախոսն էր ապագա հռչակավոր ֆիզիոլոգ Էզրաս Հասրաթյանը:
1931 թվականին ստուդիայի սաները հանդես եկան ավարտական ներկայացումով՝ Էմիլ Զոլայի «Ռաբուրդենի ժառանգները»: Բեմադրությունը այնքան հաջողված էր, որ թատրոնը մտցրեց խաղացանկի մեջ: Ամալյա Արազյանը խաղում էր Շառլոտա: Շուտով Ամալյա Արազյանի ամուսնուն՝ խոստումնալից դերասան Վահան Դասոյանին աշխատանքի են նշանակում Լենինականի նորաստեղծ պետական թատրոնում: Ամալյան էլ է տեղափոխվում Լենինական: Այդ տարիներին թատրոնը ղեկավարում էր Վարդան Աճեմյանը: Նա բեմադրեց Մ. Գորկու «Հատակում» նշանավոր պիեսը Լևոն Զոհրաբյանի, Ցոլակ Ամերիկյանի, Սուրեն Սուրենյանի մասնակցությամբ: Նատաշայի դերում Ամալյա Արազյանն էր, որը ստեղծել էր դրամատիզմով ու քնարականությամբ լի գրավիչ կերպար:
Լենինականում կայացավ մի նշանավոր հանդիպում Ամալյայի համար: Հովհաննես Աբելյանը նշում էր իր բեմական գործունեության հիսնամյակը և այդ կապակցությամբ եկել էր հյուրախաղերի Լենինական:
«Նամուս» ներկայացման համար նա Սուսան էր փնտրում և կանգ առավ Ամալյայի վրա, չնայած առաջատար դերասանուհիներից մեկը շատ էր ուզում խաղալ:
Լենինականի թատրոնում պայմանները բարենպաստ էին, և գուցե այնտեղ մնալով Արազյանն ավելի հեշտ դրսևորեր իր դերասանական ինքնությունը, սակայն 1933-ին կյանքը նրան կրկին բերեց Գ. Սունդուկյանի անվան թատրոն:
-Հայրս՝ Վահան Դասոյանը,- հիշում է Արազյանի որդին,- Սունդուկյանի անվան թատրոնում հանդես եկավ «Մեծապատիվ մուրացկաններ», «Ռևիզոր», «Երկիր հայրենի», «Պաղտասար աղբար», «Գևորգ Մարզպետունի» և այլ ներկայացումներում: Սակայն 1948-ին ավարտվեց նրա դերասանական կյանքը: Հորս նշանակեցին օպերային թատրոնի տնօրեն, այնուհետև նա եղավ կոնսերվատորիայի տնօրենի տեղակալ, թատերական ընկերության գլխավոր քարտուղար: Վերջին պաշտոնում նա մնաց մինչև կյանքի վերջը:
Մեր տանը հաճախ էին լինում Վաղարշ Վաղարշյանը, Արա Սարգսյանը, Ավետ Ավետիսյանը, Սիրան Ալավերդյանը, Մայրանուշ Պարոնիկյանը, Ստեփան Թառյանը, Գուրգեն Գաբրիելյանը... Նրանք քննարկում էին ներկայացումները, խոսում էին թատերական անցուդարձի մասին: Հայրս զարգացած մարդ էր, ճկուն միտք ուներ: Ընկերները նրան սիրում, հարգում էին, հորս կարծիքը նրանց համար կարևոր էր: Հայրս շատ մտերիմ էր Հրաչյա Ներսիսյանի հետ: Հրաչյա Ներսիսյանը մեր տանն ուներ իր սիրած բազկաթոռը: Նրանք հայրիկի հետ երկար զրուցում էին, ոգելից խմիչք ընդունում (երկուսն էլ սիրում էին խմել) և հաճախ մեծ արտիստը երգում էր «Սանտա լուչիան»: Շատ քչերն են լսել մեծ դերասանի այդ կատարումը: Եվ ես այդ երջանիկներից եմ:
Սունդուկյանի անվան թատրոնում առաջատար դերասան-դերասանուհիները ջերմությամբ ընդունեցին Ամալյային: Նրանք բարի խորհուրդներ էին տալիս, ձեռք մեկնում երիտասարդ դերասանուհուն դժվար պահերին: Ամալյային շատ էր սիրում Արուս Ոսկանյանը: Արազյանը իր հիշողություններում գրել է. «Արուս Ոսկանյանն ասում էր. «Ներքուստ միշտ դժգոհ եղիր արածից, որպեսզի ձգտումի ու վերելքի տեղ մնա: Կերպար կերտելիս, և, առհասարակ, ամեն մի մասնագիտության համար ելակետը մարդկությունը պիտի լինի»: Երբեք չէր զլանում երիտասարդների կարծիքները լսել: Օրինակ, գտնում էր, որ ես դեռ շփացած չեմ ու սուր աչք ունեմ: Երբեմն ասում էր, որ դահլիճից նայեմ իրեն ու դիտողություններ անեմ»:
1935-ին Արազյանը Կիրշոնի «Հրաշալի ձուլվածք» պիեսում խաղաց Նատաշայի դերը: Եվ հենց այդ օրերին մի նամակ ստացավ Արուս Ոսկանյանից: Արազյանը իր թղթերի մեջ, որոնցում չկան անգամ լավագույն դերերի գրախոսությունները, այդ նամակը պահել է մասունքի պես:
Ահա այն.
«Երևան, 3/5-1935
Իմ անուշիկ փոքրիկ,
Փոքրիկ ընկերուհիս, Ամալյա
Ես դիտեցի «Հրաշալի ձուլվածքի» թե՛ գեներալնին, թե՛ ներկայացումը: Անկեղծորեն ասում եմ, որ քո խաղը ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց. քննությունը փայլուն տվիր: Ես անչափ ուրախ ու երջանիկ եմ իմ սիրած Ամալյայի հաջողությամբ: Դու ինձ հիշեցնում ես իմ առաջին քայլերը բեմի վրա և դա ինձ հուզում ու ուրախացնում է: Բայց քո հաջողությունը թող չշլացնի քեզ, և աշխատիր անդադար, աշխատիր կատարելագործվելու և տեխնիկային տիրապետելու համար: Համբուրում եմ քո սիրուն աչուկները, ցանկանում եմ քեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ, որի գրավականն են քո եռանդը և անվիճելի ընդունակությունը:
Քեզ սիրող Արուս Ոսկանյան»:
Ամալյա Արազյանը նշանակալից կերպարներ է ստեղծել հայ, ռուս, արևմտաեվրոպական պիեսներում: Ըստ քննադատների, ամենաարժեքավորը ռուս դասական խաղացանկից Լարիսան է Ա. Օստրովսկու «Անօժիտում»:
1946-ին անցկացվում էր ռուս դասական դրամատուրգիայի համամիութենական ստուգատես: Երևան էր ժամանել ստուգատեսի հանձնաժողովի նախագահ, Միության լավագույն թատերագետներից մեկը՝ Ի. Ալտմանը: Դիտելով ներկայացումը, նա ասել էր, որ Արազյանը շարունակում է ռուսական թատրոնի լավագույն ավանդույթները, մասնավորապես՝ ռուս մեծ դերասանուհի Կոմիսարժևսկայայի, որը ստեղծել էր Լարիսայի համոզիչ կերպարը: 1939 թվականին Մոսկվայում անցկացվեց հայկական արվեստի և գրականության առաջին տասնօրյակը: Ռուս ականավոր ռեժիսոր Բորիս Զախավան Սունդուկյանի թատրոնում բեմադրեց Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը», որի գլխավոր դերակատարն էր Վաղարշ Վաղարշյանը: 1952-ին թատրոնը կրկին անդրադարձավ այդ պիեսին, որի լավագույն դերակատարներից էր Ամալյա Արազյանը (Գլաֆիրա):
Երբ Բորիս Զախավան հրավեր ստացավ (1972 թ.) Սունդուկյանի թատրոնում բեմադրելու Ա. Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ» կոմեդիան, տեսնելով Ամալյա Արազյանին, բացականչեց. «շ տՏՎվþ ֆՑց ՍՐՈրՌՉցþ Ռ ՑՈսՈվՑսՌՉցþ ՈՍՑՐՌրց, ԸՎՈսՌþ ԸՐՈջÿվ». Այդ ներկայացման մեջ Արազյանը խաղաց Բարաբոշևայի դերը: Զախավան նշում էր Արազյանի զգացմունքայնությունը, անկեղծությունը, ստեղծագործական ակտիվությունը, անխարդախ վարպետությունը:
-Սունդուկյանի անվան թատրոնում 100-ից ավելի դերեր է խաղացել մայրս,- հիշում է Լավրենտի Դասոյանը:- Արդեն ներկայացումների թվարկումը շատ բան է ասում մայրիկիս դերասանական դիապազոնի մասին. «Պատվի համար» (Մարգարիտ), «Օթելլո» (Դեզդեմոնա), «ՈՒրիշի երեխան» (Ռայա), «Երկիր հայրենի» (Վազգանուշ), «Սպանված աղավնի» (Սառա), «Երիտասարդ գվարդիա» (ՈՒլյանա Գրոմովա), «Միայնակ կինը» (Վարվառա), «Պաղտասար աղբար» (Անույշ), «Դիմակահանդես» (բարոնուհի Շտրալ), «Բալենու այգին» (Վարյա), «Լիր արքա» (Ռեգան), «Վարդեր և արյուն» (Փառանձեմ), «Եզոպոս» (Քլեյա), «Արա Գեղեցիկ» (Շամիրամ), «Վարդանանք» (Փառանձեմ), «Բեռնարդա Ալբայի տունը» (Բեռնարդա)...
Նա բեմ է բարձրացել Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ռուզաննա Վարդանյանի հետ: Եղել է Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի, Ավետ Ավետիսյանի խաղընկերը և այդ աստղաբույլում զբաղեցրել է իր արժանի տեղը:
Նա խաղացել է Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի բեմադրություններում: Վարդան Աճեմյանը ասում էր. «Եթե ուրիշներին խնդիրը մի քանի անգամ պետք է կրկնեմ, ապա Ամալյային՝ ընդամենը մեկ»: Դերասանուհիներից մեկը բողոքել էր Արմեն Գուլակյանին, որ, լինելով Արազյանի դուբլյորը, ոչ մի անգամ այդ դերը չի խաղացել: Գուլակյանը պատասխանել է. «Մի մոռացեք, ձեր առջև Ամալյա Արազյանն է»: Նկարահանվել է «Պատվի համար» գեղարվեստական կինոնկարում (Երանուհի), «Ինչու է աղմկում գետը» սիրված ֆիլմում: Հաճախ է ելույթներ ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ: Մայրիկիս մասին գիրք է գրվել, հոդվածներ, գրախոսականներ:
Չնայած զբաղվածությանը թատրոնում, ընտանիքի հոգսը նա իր վրա էր վերցրել, հյուրասեր էր, լավ խոհարար: Շատ էր սիրում մտերիմներին, հասնող էր, բարի: Շատերին է օգնել, երբեմն մոռանալով իր անձը:
Ամալյա Արազյանը սկզբունքային արվեստագետ էր: Թատրոնի ժողովներում նա բարձրացնում էր կարևոր հարցեր՝ թե՛ ստեղծագործական, թե՛ կենցաղային: Նրան սիրում էին և՛ տարեկիցները, և երիտասարդ դերասանները:
Երբ 2004 թվականին ես հաղորդում պատրաստեցի Ամալյա Արազյանի մասին, նա պատկառելի տարիք ուներ, դժվարությամբ էր քայլում և խոսում: Խորհրդային տարիներին, երբ որևէ աշխատողի ճանապարհում էին կենսաթոշակի, կոլեկտիվի ժողով էին հրավիրում, ջերմ խոսքեր ասում, շնորհակալություն հայտնում, նվեր հանձնում...
Արազյանի դեպքում նման բան չեղավ: Նրան պարզապես առաջարկեցին... հեռանալ թատրոնից: Եվ 1994 թվականին նա վիրավորված հեռացավ թատրոնից և էլ ոտք չդրեց թատրոն:
Պահպանվել է մի տեսաժապավեն, որում Արազյանն ասում է. «Դժվարություններ շատ եմ տեսել: Պատերազմի տարիներին մասնակցել եմ շեֆական համերգների, ելույթներ եմ ունեցել կռվող և վիրավոր զինվորների համար: Ընկերներիս հետ հաճախ եմ եղել հեռավոր գյուղերում: Բեմ չի եղել, լույս չի եղել, բայց մենք խաղացել ենք, ուրախություն պատճառել մարդկանց:
Այսօր մոռացել են, չեն հիշում...»:
Ամալյա Արազյանը կյանքից հեռացավ 2005 թվականին:
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ